Սիրում եմ քեզ անբացատրելի,
անխոստովանելի,
հակասական:
Սիրում եմ քեզ
հոգուս բոլոր վիճակներով ,
որոնք այնքան շատ են,
որ շարունակ ինձ փոխում են.
դե գիտես արդեն `
ժամանակը,
կյանքը,
մահը:
Սիրում եմ քեզ
աշխարհով, որ չեմ ընկալում,
մարդկանցով որ չեն հասկանում:
Հոգուս երկվությամբ,
բախտիս ճակատագրականությամբ,
կրքիս դավադրությամբ,
արարքիս անհետևողականությամբ,
փաստերի հակասությամբ:
Եթե անգամ ասում եմ` չեմ սիրում քեզ,
մի՛ հավատա, սիրում եմ:
Եթե անգամ խաբում եմ քեզ,
հավատա, որ չեմ խաբում:
Իրականում ես իմ ներսում խաղ եմ սարքում,
որ քեզ սիրեմ… ուրի՛շ ձևով, ուրի՛շ ժանրով:
Հետո, չնայած չես հավատա,
իմ մաշկն անասելի կարոտում է
քո մաշկի բացակայությունը:
Սիրում եմ քեզ
առա՛նց մտածելու,
անգիտակցաբար,
անպատասխանատու,
ինքնաբերաբար,
կամքիս հակառակ…
բնազդով,
մղումով,
պոռթկումով,
անտրամաբանորեն:
Իսկապես, չունեմ տրամաբանական պատճառներ,
ոչ էլ անգամ հորինված՝
հիմնավորելու այս սեր-կրակը,
որ ձգում է դեպի քեզ:
Որն առեղծվածորեն ծագեց ոչնչից,
որը չծնվեց կախարդանքներից,
բայց որ հրաշքով, հեքիաթայնորեն
փոքրից, քչով և ոչնչով
լուսավորեց ներսիս խավարը:
Սիրում եմ քեզ.
սիրում եմ քեզ մարմնովս,
որ չի մտածում,
սրտովս, որ չի բանակցում,
մտքովս, որ չի վերլուծում:
Սիրում եմ քեզ.
անհասկանալիորեն,
առանց հարցնելու,
կարևորելու, հարցաքննելու…
պարզապես. ուղղակի ու հենց այնպես,
որովհետև, իրականում,
ինքս էլ չգիտեմ՝
ինչու եմ քեզ սիրում: